Արդեն ավարտվել է Մեղրի քաղաքի թիվ 1 բնակելի թաղամասի փողոցի նորոգումը, ընթացքի մեջ են Մեղրիի կամրջի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 3-ին, Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը տեղեկացրին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: NEWS.am-ին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ փոխվարչապետին նախ զեկուցվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի եւ երկրորդ մասի ընթացքի մասին:
Ծրագրի առաջին մասով հատկացված 720 մլն դրամի շրջանակում իրականացվել է 13 ծրագիր, որոնք արդեն ողջ ծավալով ավարտվել են, տնտեսվել է 22,2 մլն դրամ: Հիմնականում վերանորոգվել են միջհամայնքային ճանապարհներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ, մաքրվել եւ բարեկարգվել են Սիսիանի ջրային հայելիները: Ծրագրի երկրորդ մասով եւս հիմնականում կվերականգնվեն ճանապարհներ, կնորոգվեն կրթական եւ մշակութային հաստատություններ:
Որպես համաներդրում` 65 մլն դրամ կհատկացվի Գորիսում սոցիալական տան կառուցման համար: Խորհրդակցությանը ներկայացվել են նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասնմեկ ամիսների կատարողականի ցուցանիշները: տեղեկացրել են համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքի, գյուղատնտեսական իրավիճակի եւ այլնի մասին Ա. Գեւորգյանը մարզպետարանի աշխատակազմին հորդորել է նաեւ մեթոդական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին` 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացում:



























