Հաշմանդամների համաշխարհային օրվա կապակցությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է հաշմանդամների «Փյունիկ» միություն: Կառավարության ղեկավարը զրուցել է հաշմանդամների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, գործունեությանը եւ ծրագրերին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանին տեղեկացվել է, որ հաշմանդամ մարզիկները, որոնք մարզումներն անցկացնում են միությունում, վերջին շրջանում արձանագրել են մեծ հաջողություններ: Մասնավորապես, Ուկրաինայում կայացած սլավոնական երկրների բաց առաջնության ժամանակ մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են ոսկե եւ բրոնզե մեդալներ, իսկ Միացյալ արաբական էմիրությունում անցկացված հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությունում՝ մեկ արծաթե մեդալ: Այժմ մարզիկները նախապատրաստվում են մասնակցելու 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին:
Հաշմանդամների «Փյունիկ» միությունում գործում են կրթական, արհեստների եւ արվեստների ուսուցման, մարզական եւ այլ խմբակներ: Միության նպատակն է՝ նպաստել հաշմանդամների ֆիզիկական, սոցիալական, հոգեբանական վերականգնմանը, օգտագործել սպորտը` որպես միջոց ուժեղ մարմին եւ հոգի ձեւավորելու համար:




























