Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում դպրոցի նոր՝ եռահարկ շենք է շահագործման հանձնվել: Դպրոցը կառուցվել է ԼՂՀ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքները, որ տեւել են մեկ տարի, իրականացվել են «Նվեր» ԲԲԸ-ի կողմից: Դպրոցի շինարարությունը մոտ 188 մլն դրամ է արժեցել: Դպրոցը կահավորված է նոր կահույքով, ունի կենտրոնացված ջեռուցում, խաղահրապարակ:

Հանդիսավոր ժապավենը կտրելու իրավունքը տրվեց վաստակավոր մանկավարժ Թամարա Սարյանին ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին: Դպրոցի բացմանը մասնակցող ԼՂՀ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը նկատեց, որ հաստատության ուսումնա-տեխնիկական բազան մշտապես համալրվելու է նախարարության եւ բարեգործների կողմից: