Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել հյուրանոցից եւ շրջել Ստամբուլի Սամաթիա հրապարակում եւ հարակից փողոցներում:

Թուրքական CHA գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահը շրջել է Ստամբուլի փողոցներում, մոտեցել եւ զրուցել խանութների եւ կրպակների աշխատողների հետ: Ընթացքում Բայդենը նաեւ հասցրել է գնումներ կատարել: Նա մրգեր վաճառող մի կրպակից մրգեր է գնել, այնուհետ մտել մի խանութ, որտեղից էլ գնել է մեղր, պանիր եւ ձիթապտուղ:

ԱՄՆ փոխնախագահը նախընտրել է ճաշել ճանապարհին պատահած մի ռեստորանում: Ռեստորանի սեփականատերը նշել է, թե Բայդենին հյուրասիրել են Այնթափի տեղական ճաշատեսակներով, իչլի քյուֆթայով եւ քյաբաբով, իսկ վերջում մատուցել են փախլավա:

Նշենք, որ Ջո Բայդենը Ստամբուլում մասնակցել է Գլոբալ նախաձեռնությունների համաժողովին, հանդիպումներ անցկացրել Թուրքիայի նապխագահի, վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ: Հանդիպումների ընթացքում Բայդենը խոսել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման անհրաժեշտության մասին: