Լոռիի մարզի Լորուտ գյուղում խոզերի աֆրիկյան ժանտախտի մասին լուրերը դեռեւս չեն հաստատվել: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, ասաց Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նա հաստատեց, որ 7 խոզի անկում է եղել, սակայն գյուղի անասնաբույժն ու մարզպետարանի մասնագետը չեն կարողացել ընդհանուր հայատարարի գալ ախտանշանների հարցում: Այնուամենայնիվ` մարզպետը չբացառեց, որ կենդանիների անկման պատճառ կարող էր լինել հենց աֆրիկյան ժանտախտը: «Լորուտում եւ նրա մերձակայքում 2010 թ. գրանցվեց աֆրիկյան ժանտախտ, որից հետո գյուղացիներն այլեւս խոզ չէին պահում: Վերջին ամիսներին սկսել էին պահել, բայց կարծես հիվանդությունը կրկնվում է»,- ասաց Ա. Նալբանդյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Լոռիի մարզի Լորուտ գյուղում խոզերի մի մասը բարձր ջերմություն ունի, հնարավոր է` աֆրիկյան ժանտախտով հիվանդ են: Ըստ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության` խոզերի հիվանդության ախտանիշները նման են աֆրիկյան ժանտախտի: