Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը չի բացառում, որ ստենդային հրաձգության աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոնուհի Երջանիկ Ավետիսյանը կմասնակցի Լոնդոնի Օլիմպիական խաղերին: News.am-ի թղթակցի հետ զրույցում Սեյրան Նիկողոսյանը տեղեկացրեց, որ հրաձգության հանրապետական ֆեդերացիան Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին խնդրել է դիմել Միջազգային օլիմպիական կոմիտեին` բացառության կարգով անվանի մարզուհուն Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք տալու համար:

Երջանիկ Ավետիսյանը 1994-ից հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Երկու տարի առաջ Երջանիկ Ավետիսյանը որոշեց հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Դրա համար անհրաժեշտ էր երկու տարի հանդես չգալ որեւէ հավաքականում: 2011թ. մայիսին Երջանիկ Ավետիսյանը Բելգրադում մասնակցեց Եվրոպայի գավաթին եւ գրավեց առաջին տեղը:

Նշենք, որ 1996-ին ՄՕԿ-ը Ատլանտայի օլիմպիական ուղեգիր հատկացրեց 1992թ. Բարսելոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանին: