Քաղաքը, որը ավելի քան 2000 տարի առաջ բնակիչների ապստամբությունից հետո հռոմեացիները հողին էին հավասարեցել, այն աստիճան է ավերվել, որ ավելի քան 170 տարի մնացել է անմարդաբնակ, մինչև վերածվել է հնագույն աղբավայրի, պատմում են Իտալիայի հնավայրը պեղող հնագետները:
Հռոմից 90 կմ հարավ-արևելք ընկած Ֆրեգելլայի ավերակները թվագրվում են մ.թ.ա. 125 թվականին, երբ հռոմեական զորքերը պաշարեցին և ավերեցին քաղաքը:
Ապստամբության պատճառն անհայտ է, սակայն հնագետները ենթադրում են, որ դա եղել է այն պատճառով, որ Ֆրեգելի բնակիչները պահանջում էին լիարժեք հռոմեական քաղաքացիություն, այլ ոչ թե Հռոմեական Հանրապետության՝ իրենց շնորհված՝ ավելի քիչ օրինական իրավունքներով, հատկապես հանրային հողերի սեփականության իրավունքի առումով «երկրորդ կարգի» քաղաքացիությունը, գրում է Live Science-ը։
Այս տևական վեճի գագաթնակետը դարձավ պատերազմը, որը բռնկվեց մոտ մեկ սերունդ անց՝ մ.թ.ա. 91-ից մինչև 87 թվականը, երբ Իտալիայում Հռոմի դաշնակիցներից շատերը պահանջեցին և հռոմեական լիիրավ քաղաքացիություն ստացան:
Գերմանիայի Լայբնից հնագիտության կենտրոնի և Տրիերի համալսարանի հռոմեական հնագիտության պրոֆեսոր Դոմինիկ Մաչեկը ասել է, որ ինքը և Գերմանիայից, Իտալիայից և Շվեյցարիայից ժամանած հետազոտողների խումբը պեղումներ են կատարել հնագույն քաղաքի ծայրամասի վիլլայում անցած երեք տարին, իսկ անցյալ տարի նրանք հայտնաբերել են նաև բերդապարսպով և խրամատով պաշտպանված մոտակա հռոմեական ռազմական ճամբարի փլատակները:
Ֆրեգելլան որպես Հռոմի գաղութային քաղաք է հիմնադրվել, սակայն, ըստ երևույթին, քաղաքում շատ էին մարդիկ, որոնք սերում էին սամնիտներից. ոչ հռոմեական ծագում ունեցող ժողովուրդ, որն ի սկզբանե ապրում էր այդ տարածաշրջանում:
Ժամանակի մի քանի պատմական փաստաթղթերը նկարագրում են, թե ինչպես Հռոմեական Հանրապետության պրետոր Լուցիոս Օպիմիուսի հրամանատարությամբ հռոմեական բանակը պաշարեց և հիմնահատակ ավերեց Ֆրեգելլան։
Ըստ Մաշեկի, թվում է, որ Ֆրեգելլի ժողովուրդը սպասել է, մինչև հռոմեական երկու կոնսուլները ղեկավարեն հռոմեական բանակները արտասահմանում, նախքան ապստամբություն սկսելը, հավանաբար հուսալով, որ հռոմեացիները կդժվարանան այլ բանակ ուղարկել, սակայն, ըստ գիտնականի, նրանք, ըստ երևույթին, հաշվի չէին առել այն փաստը, որ հռոմեացիները դեռևս պրետորների (հին Հռոմի կոնսուլի բացակայության ժամանակ բարձրագույն իշխանությամբ օժված ներկայացուցիչների) պակաս չէին զգում։





























