Եվրոպան պետք է զորակցի մահմեդական երկրներում քրիստոնյա համայնքներին: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 5-ին, Լիբանանում հայտարարել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` Ֆրանսիայի վարչապետի ներկայացուցիչ Ադրիեն Կութեյրոնի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս Եգիպտոսից այցելել է Լիբանան` ավելի մոտիկից ծանոթանալու տարածաշրջանում տեղի ունեցող անցուդարձություններին եւ քրիստոնյա համայնքների տեսակետներին:

Արամ Ա. Կաթողիկոսը ներկայացրել է իր տեսակետը Միջին Արեւելքում տեղի ունեցող շարժումների ու փոփոխությունների նկատմամբ՝ հատկապես ծանրանալով քրիստոնյա համայքների դիմագրաված մարտահրավերներին: Վեհափառն ասել է, որ «վարչակազմի փոփոխությունը պետք չէ համարել որպես վերջնական նպատակ, այլ՝ շոշափելի քայլ դեպի ժողովրդավարություն: Սակայն երբ ժողովրդավարությունը պիտի հիմնվի իսլամական բացարձակ սկզբունքների վրա, այն կարող է լուրջ դժվարությունների առաջ դնել քրիստոնյա համայնքներին: Հարգելով հանդերձ իսլամ մեծամասնության կրոնական սկզբունքները, Վեհափառը հայտնել է, թե նրանք չպետք է լինեն ի հեճուկս քրիստոնյա համայնքների քաղաքական կյանքի ամբողջական մասնակցության: Այլ խոսքով, ժողովրդավարական սկզբունքները ու դրանց վրա հիմնված քաղաքական համակարգը պետք է համահավասար մոտեցում որդեգրի բոլոր քաղաքացիների պարտավորությունների ու իրավունքների նկատմամբ», շեշտել է Արամ Ա-ն:

Նա այս փուլում կարեւոր է համարել Եվրոպայի զորակցությունը քրիստոնյա համայնքների նկատմամբ: «Պատմական, մշակութային ու կրոնական խորը կապեր գոյություն ունին Միջին Արեւելքի եկեղեցիների եւ Եվրոպայի միջեւ: Ժամանակն է որ առանց միջամտելու շրջանի երկրների ներքին կյանքին, Եվրոպան լրջորեն հիշեցնի, որ դեպի ժողովրդավարության ընթացող Միջին Արեւելքը կարեւորությամբ պէտք է նկատի ունենա քրիստոնյա համայնքների իրավունքները»,-ասել է նա:

Վեհափառ հայրապետը նաեւ անդրադարձել է անցյալ շաբաթ Կիպրոսում տեղի ունեցած Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի համաժողովին ու նրա արդյունքներին: