Երեւանի Աբովյան փողոցում գտնվող «Փարիզյան սուրճ» սրճարանի` մայթին գտնվող բացօթյա հատվածը քանդվել է: Այդ մասին տեղեկատվություն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Փարիզյան սուրճ» սրճարանի սեփականատեր Վալերի- Աշխեն Գործունյանը:
«Դեռեւս շաբաթ օրը եկել էին թաղապետարանի աշխատակիցները եւ ասացին, որ պետք է ապամոնտաժենք սրճարանը` քաղաքապետի որոշման համաձայն: Մենք ինքներս ենք սկսել ապամոնտաժումը: Անձամբ գնացել եմ քաղաքապետարան, պայմանավորվել քաղաքապետի հետ հանդիպման համար, որպեսզի պարզեմ, թե ինչո՞ւ պետք է ապամոնտաժենք, եւ արդոք կա՞ այդպիսի օրենք, որի համաձայն պետք է ապամոնտաժվի սրճարանը»,- ասաց կին գործարարը:
Գործունյանը նաեւ տեղեկացրեց, որ ամեն տարի «Փարիզյան սուրճ»-ը վերակնքում է պայմանագիրը թաղապետարանի հետ, եւ այս տարվա համար պայմանագիրը կնքված է մինչեւ տարեվերջ: «Ամանորի տոներից հետո թաղապետարանի աշխատակիցները գալիս եւ վերակնքում են պայմանագիրը ամառվա սեզոնի համար: Այստեղ խնդիր չկա, մենք բոլոր վճարումներն արել ենք, պարզապես այստեղ ուրիշ որոշում է եւ կապ չունի պայմանագրի հետ: Գիտեմ, որ քաղաքապետը ցանկանում է մաքրել Աբովյան փողոցը, բայց մենք միշտ ապահովել ենք եւ տարածությունը, եւ քիչ քանակությամբ սեղան ու աթոռ ենք դնում, որպեսզի չխանգարենք անցորդներին: Ես ինքս չեմ ցանկանում, որ քաղաքը տգեղանա: Բայց ինչո՞ւ սկսեցին հենց մեզանից եւ ինչ խնդիր է, ես չգիտեմ: Ես գրավոր որոշումը չեմ տեսել, պարզապես թաղապետարանի աշխատակիցներն ասացին, որ որոշում կա: Ես այդ մարդկանց ճանաչում եմ եւ չպահանջեցի գրավոր որոշումը, որպեսզի խուսափեմ պատմություններից»,- ընդգծեց Գործունյանը:
Հարցին, թե եթե ստացվի այնպես, որ Աբովյան փողոցում գտնվող սրճարաններից ապամոնտաժվի միայն «Փարիզյան սուրճ»-ի բացօթյա հատվածը, բողոքելո՞ւ է, թե` ոչ, Գործունյանը պատասխանեց. «Անպայման: Ինչո՞ւ միայն «Փարիզյան սուրճը»: Չեմ ցանկանում խոսել ուրիշների մասին, եթե օրենք կա, ապա այն բոլորի համար է: Եթե օրենքը խտրական է, ապա, ես կպայքարեմ, քանի որ մարդու պայքարող տեսակն եմ: Ես անպայման կպայքարեմ մինչեւ վերջ»:
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը նշեց, որ «Փարիզյան սուրճ» սրճարանը չի ապամոնտաժվում: «Տվյալ տնտեսվարող սուբյեկտին տրված է ամառային բացօթյա սրճարան կազմակերպելու թույլտվություն, ինչը սեզոնային բնույթ է կրում: Դրանից հետո տնտեսվարողը պոլիէթիլենային ծածկով է պատել ամբողջ սրճարանը` ստեղծելով քաղաքում ջերմոցային տպավորություն հենց քաղաքի կենտրոնում: Հիմա ոչ թե ապամոնտաժման խնդիր է դրված, այլ` ընդամենը պոլիէթիլենային ծածկը հանելու պահանջ»:



























