Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, `այսօր` դեկտեմբերի 5-ին, Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանի հետ եղել է Վանաձորի «Չինվան» ՍՊԸ-ում, տեղում ծանոթացել տրակտորներ ու գյուղգործիքներ արտադրող հայ-չինական համատեղ գործարանի գործունեությանն ու հզորություններին:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է. «Սա մեր ոլորտի ամենակարեւոր հարցերից է: Գիտենք, որ գյուղտեխնիկայի 15-20 տոկոսը մաշված է: Այսօր արդեն ճշգրտել ենք գյուղտեխնիկայի մեր պահանջարկը եւ ցանկանում ենք հաջորդ տարի վերջինիս բավարարման ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: Այդ ընթացքում կուսումնասիրենք իրական հնարավորությունները, ինչպես նաեւ, թե որքանով է այս գործարանի արտադրանքը որակական ու գնային առումով բավարարում գյուղացիների պահանջները»:
Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ձեռնարկության կարողություններին ծանոթանալուց հետո, ուսումնասիրություններ կկատարվեն այն տնտեսություններում, որոնք նախորդ տարիներին գնել են «Չինվան» ընկերության արտադրանքը:
«Հետազոտություններից հետո կքննարկենք գործարանի արտադրական հզորությունները զարգացնելու հարցը, քանի որ ցանկանում ենք խրախուսել տեղական արտադրողին»,- նշեց Սերգո Կարապետյանը:



























