Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավար պետք է անձամբ այցելի իր տարածքի մանկապարտեզներն ու տեղում համոզվի, թե ջեռուցման համակարգերը որքանո՞վ են հաջող գործարկվում, կա՞ն անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, աշխատանքային  հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավելելով. «Պետք է հանդիպել ծնողներին, լսել նրանց թե’ գոհունակությունը եւ թե’ դժգոհությունները, ու, եթե դրանք կան, ապա կարճ ժամկետում լուծում տալ խնդրին»:

Մայրաքաղաքի արտաքին լուսավորություն չունեցող փողոցների գույքագրման հետ կապված` Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ «Երքաղլույս» ընկերության կողմից գույքագրվել է լուսավորության անհրաժեշտություն ունեցող 395 փողոց: Զուգահեռաբար գույքագրման վերաբերյալ տեղեկանքներ են ներկայացվում նաեւ վարչական շրջանների կողմից,  եւ տեղեկատվության համադրումից հետո կպատրաստվի ամբողջական ցանկ` համապատասխան ֆինանսական գնահատականով:

Բակային տարածքների բարեկարգման աշխատանքների շրջանակում Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին Երեւանի գլխավոր դիզայների հետ համատեղ համապատասխան առաջարկներ ներկայացնել բակային անշուք տարածքներում նկարազարդումներ իրականացնելու համար: