Լոռիի մարզկենտրոն Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում, այսօր` դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ամենշաբաթյա քննարկման ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը դժգոհել է համատիրությունների կատարած աշխատանքներից: Նա այդ թեմայի վերաբերյալ անդրադարձն սկսել է հարցով. «Ես չեմ հասկանում էդ համատիրությունները մենակ փողերը հավաքելու ու աշխատավարձ բաժանելու համա՞ր են աշխատում»:

Հարցին ի պատասխան, քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանը նշել է, որ այժմ հիմնականում շենքերի բակերի մաքրման ուղղությամբ են համատիրություններն աշխատանքներ տանում, սակայն դա ամենեւին չի մեղմացրել Վանաձորի քաղաքապետի զայրույթը:

Սամվել Դարբինյանը դիմելով վերջինիս, ասել է. «Գրիշա, էս մի շաբաթը քեզ փեշքեշ, ու հանկարծ թե բախտդ էլ չբերի ձյուն գա, կապ չունի, շաբաթ օրը մենք շենք առ շենք ստուգելու ենք, համատիրություն առ համատիրություն նայելու ենք, թե ով ինչ է արել»:

Քաղաքապետը խոսել է նաեւ այն մասին, որ ինքն անձամբ է տեսնում շենքերի բակերի անմաքուր վիճակը, այս ամենում սակայն, նա միայն պատասխանատուներին չի մեղադրում, ասելով, որ բնակիչներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն. «Հո մենակ պահանջելով չի՞: Բնակիչները չեն ուզում իրենց բակը մաքուր տեսնեն: Պետք է հասկանան, որ գոնե շենքի շքամուտքը մաքուր պահել է պետք, բայց դա առաջին հերթին ձեր գործն է: Գնացեք ձեր գործով զբաղվեք, իսկ ով գործից հոգնել է, կարող է «վեշերը հավաքել», ոչ մեկին չեմ խնայելու»,-եզրափակել է նա: