Շենսիի մանկավարժական համալսարանի չինացի գիտնականները հայտնաբերել են, որ ստեղծագործ անհատականության գծերով օժտված մարդիկ հաճախ հակված են տարբեր կախվածությունների։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Reports (PsyRep) գիտական ​​հանդեսում:

Փորձագետների եզրահանգումները հիմնված են 17-22 տարեկան 576 ուսանողների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա։ Երիտասարդները լրացրել են իրենց կախվածության հակումները, նորույթների որոնման ձգտումը, ստեղծագործական ճանաչողական ոճերը և դեպրեսիվ ախտանիշները չափելու համար մշակված մի քանի հարցաթերթիկներ:

Հետազոտողները բացահայտել են, որ կախվածություն առաջացնող վարքագիծն առնչվում է գաղափարներ ծնելու ավելի բարձր ունակության հետ: Սակայն նման մարդիկ ամենաօգտակար կամ համապատասխան մտահղացումը դժվարությամբ էին ընտրում։

Բացի դրանից, կախվածություն ունեցող մարդիկ ավելի հաճախ էին փնտրում նոր փորձառություններ, ինչը նրանց օգննում էր ավելի շատ գաղափարներ ծնել:

Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ դեպրեսիվ հակումները մեղմացնում են վերոնշյալ ազդեցությունը: Դեպրեսիայի ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի քիչ էին հակված նորություն փնտրելու, ինչն իր հերթին նվազեցնում էր ստեղծարար գաղափարներ գեներացնելու նրանց ունակությունը:

Միևնույն ժամանակ, ավելի բարձր դեպրեսիվ ախտանիշներից տառապող մարդկանց համար կախվածություն առաջացնող անհատականության գծերի և ստեղծագործականության միջև կապը թուլանում էր: Ըստ էության, դեպրեսիան նվազեցնում էր  կախվածություն առաջացնող հատկությունների ազդեցությունն ինչպես նորույթների որոնման, այնպես էլ ստեղծագործական (կրեատիվ) մտածողության վրա: