Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, որ ցուրտ սեզոնի գալուստով մարդիկ ակտիվացնում են ռոմանտիկ գործընկերների որոնումները։ Ամենից հաճախ դա անում են տղամարդիկ: Սակայն այս կերպ հաստատված հարաբերությունները որպես կանոն կարճատև կյանք ունեն։ Հետազոտությունը հրապարակվել է The Conversation պորտալում:

Փորձագետների եզրակացությունները հիմնված են ծանոթությունների ծառայությունների օգտատերերի ակտիվության վերաբերյալ տվյալների վրա, ինչը վկայում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և նոյեմբերին նոր պրոֆիլների գրանցման աճի մասին։

Բացի դրանից, լեհ գիտնականների նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց կարծիքը կանացի գրավչության վերաբերյալ փոխվում է՝ պայմանավորված սեզոնով: 114 մասնակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ձմռան ամիսներին կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց:

Գիտնականների կարծիքով՝ այս պահվածքը մասամբ բացատրվում է տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի մակարդակի փոփոխությամբ։ Այն սովորաբար շոգ, արևոտ եղանակին նվազում է, իսկ ցուրտ, կարճատև ցերեկ ունեցող ամիսներին՝ բարձրանում:

Բացի դրանից, աշնանը և ձմռանը ռոմանտիկ զուգընկեր գտնելու ցանկությունը թերևս առնչվում է շոշափելի կարիքների հետ: Գրկախառնությունները և սիրալիր հպումները նվազեցնում են սթրեսի հորմոնի` կորտիզոլի արտազատումը և խթանում սիրո հորմոնի՝ օքսիտոցինի արտազատումը` օգնելով մարդուն ավելի լավ և հանգիստ զգալ իրեն:

Գիտնականները նշել են, որ ձմեռային սիրավեպերը կարող են փխրուն լինել և հանգեցնել հիասթափության, ուստի դրանց մասնակիցները միմյանց հետ պետք է հնարավորինս անկեղծ լինեն։