Հնագետները Սիբիրում հայտնաբերել են մեծահարուստ տղամարդու 2800 տարվա գերեզման, որտեղ նա թաղված է զոհաբերված կնոջ և 18 ձիերի հետ։
Գիտնականները իրենց պեղումների արդյունքների մասին պատմել են Antiquity հանդեսում:
Նշվում է, որ հարավային Սիբիրի Տուվամ հանրապետությունում, հայտնաբերվել է մեծ գերեզմանաբլուր, որը թվագրվում է բրոնզի և երկաթի դարերի միջև ընկած անցումային դարաշրջանից և սկյութական թաղման պրակտիկայի ամենավաղ հայտնի դամբանաբլուրներից մեկն է:
Գերեզմանաբլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են ձիավարության պիտույքներ և կենդանիների պատկերներով զարդարված արտեֆակտներ, ինչը ցույց է տալիս տվյալ տարածաշրջանի և սկյութների մշակույթի նմանությունները, որոնք հետագայում սկսել են ապրել հազարավոր կիլոմետրեր դեպի արևմուտք, գրում են գիտնականները: Որոշ ձիերի կմախքներ դեռևս ատամների արանքում խրված են արույրե կտրիչներ. հայտնաբերվել են նաև կնոջ աճյուն. Թե ձիերը, թե կինը հավանաբար սպանվել են զոհաբերության ժամանակ և թաղվել տղամարդու հետ։
Հույն պատմիչ Հերոդոտոսը (մ.թ.ա. մոտ 484-420 թվականներ) գրել է մ.թ.ա. հինգերորդ դարում «սկյութական թագավորական ընտանիքի» թաղման բարդ ծեսերի մասին։
Ըստ Հերոդոտոսի՝ սկյութները զոհաբերել են տասնյակ ձիեր ու ծառաներ՝ հարգելու համար իրենց տիրակալի հիշատակը։ ձիերին սպանելուց հետո փորոտիքը հանվել է, ապա նրանց մորթել են, որից հետո նույն կերպ են վարվել նաև զոհաբերված մարդկանց հետ։
Հերոդոտոսը նաև գրել է, որ սկյութները գաղթել են Կենտրոնական Ասիայից դեպի արևմուտք՝ թշնամական խմբի կողմից դուրս մղվելուց հետո, սակայն ժամանակակից այլ հեղինակներ հեծյալների ծագման մասին այլ վարկածներ են առաջադրել։ Ժամանակակից գենետիկական հետազոտությունները ցույց են տվել, որ մ.թ.ա. առաջին հազարամյակի սկյութները սիբիրյան, արևելյան ասիական և եվրասիական արմատներով բազմազան մշակութային խումբ է եղել: Սակայն ամբողջական պատմությունը, թե ինչպես և որտեղ են այս խմբերը միավորվել՝ ձևավորելու համար սկյութական մշակույթը, դեռևս վիճարկելի է:





























