Հոնկոնգյան ATV կամ Asia Television հեռուստաալիքը խոշոր տուգանք կվճարի Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինին ժամանակից շուտ թաղելու համար:
Ըստ զանգվածային հաղորդակցության, հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ոլորտի վերահսկողության կառավարական ծառայության` ընկերությունը 300 հազար հոնկոնգյան դոլարի չափով տուգանք կվճարի(39 հազ. ԱՄՆ դոլար) ` չինական առաջնորդի մահվան կեղծ լուրը տարածելու համար:
Հեռուստաալիքին «անպատասխանատու» են անվանել ոչ միայն «փուչիկի» տարածման, այլեւ այն հերքելն ուշացնելու համար:
ՉԺՀ 85-ամյա նախկին նախագահ, ՉԿԿ նախկին գլխավոր քարտուղարի մահվան ցնցող լուրը, որը հուլիսի 6-ին, հիմնվելով ինչ-որ «քաջատեղյակ աղբյուրների» վրա, հաղորդել էր հոնկոնգյան հեռուստաալիքը, արագ տարածվել էր միջազգային լրատվամիջոցների կողմից եւ մեծ աղմուկ էր առաջացրել, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Պետական լրատվական «Սինհուա» գործակալությունն այդ ժամանակ պաշտոնապես հերքել էր Ցզյանի մահվան լուրերը` դրանք անվանելով զուտ բամբասանքներ:
ATV հեռուստաալիքի խմբագիրը եւ փոխնախագահը սկանդալից հետո հրաժարական էին տվել:




























