Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտմբերի 10-ի նիստում հաստատեց Պրոբացիայի ծառայողների ատեստավորման կարգը:

Այս որոշմամբ սահմանվել են պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման կարգը, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, ատեստավորման փուլերը, թեստավորման հարցաշարերի կազմման հիմնական սկզբունքները, գնահատման կարգը, ատեստավորման կազմակերպման այլ առանձնահատկությունները։

Ատեստավորման արդյունքներով պայմանավորված պրոբացիայի ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Այսինքն, նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում նաև բարելավել պրոբացիայի ծառայության ներկայիս ծառայողների վարձատրության պայմանները:

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի գործնականում սկսել պրոբացիայի համապատասխան ծառայողների ատեստավորումը, ինչը կնպաստի որակյալ կադրերի ներգրավմանը, Պրոբացիայի ծառայության համակարգն ավելի գրավիչ դարձնելուն:

Կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանվեցին Պրոբացիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը: