Հայաստանի Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 6-ի երեկոյան արտահերթ նիստ է գումարել` փոխնախագահ ընտրելու համար:

ՀՀԿ խմբակցության անունից հանդես է եկել խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով առաջարկել է խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:

Կրկին թեկնածու է առաջադրել «Ժառանգություն» խմբակցությունը, որի ղեկավար Ստեփան Սաֆարյանը այդ պաշտոնի համար ներկայացրել է Արմեն Մարտիրոսյանին:

Այժմ թեկնածուները ելույթ են ունենում` ներկայացնելով իրենց մոտեցումները:

Ի դեպ, արտահերթ նիստը նույնպես չի անցել առանց զավեշտալի միջադեպերի: «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը Էդուարդ Շարմազանովին դիմելիս ասել է «Էդիկ ջան»:

«Դահլիճում պարոն Շարմազանով, մասնավոր հանդիպումներում` Էդիկ»,- ընդդիմադիր իր գործընկերոջն ուղղել է Շարմազանովը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Ազգային ժողովը 102 կողմ, 4 դեմ ձայներով փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ էր ընտրել Սամվել Նիկոյանին: «Ժառանգությունը» նրա դեմ առաջադրել էր Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը, եւ հաշվի առնելով, որ վերջինս ստացել էր 4 ձայն, իսկ դահլիճում ներկա էին միայն «Ժառանգության» 4 պատգամավորներ, կարելի է նշել, որ կոալիցիոն ուժերն ու իրենց ընդդիմադիր հռչակած ՀՅԴ-ն կողմ են քվեարկել հանրապետական Սամվել Նիկոյանին: