Թեեւ Սերժ Սարգսյանը 2010թ.-ին այցելելով Վայոց ձորի Խաչիկ գյուղ, բնակիչներին խոստացել է, որ շուտափույթ կկառուցվի գյուղի ջրամբարը, բայց այն մինչ օրս չի կառուցվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Նա նշել է, որ գյուղի վարելահողերը կազմում են 1217 հեկտար, որից շուրջ 500 հեկտարը բարեբեր հողեր են: «Ինքնահոս ջրերը ամբարելով եւ հետագա ամիսներին արդյունավետ օգտագործելով` հնարավոր կլինի ստեղծել զարգացած գյուղատնտեսություն: Կամրապնդվի ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ բնակավայրը: Խնդրի կարեւորությունը 2007թ.-ից սկսած ներկայացվել է ՀՀ Կառավարությանը, բայց արի ու տես, որ «բյուջեում փող չկա» հանրահայտ պատճառաբանությամբ ջրամբարի կառուցման հարցն այդպես էլ մնում է չլուծված»,-ասել է նա:

«Միաժամանակ 81 գյուղացի ստացել են վերջնագրեր հիշեցնող նամակներ, առ այն, որ անհրաժեշտ է վերադարձնել ջրօգտագործման համար վճարները, հակառակ պարագայում իրենց սպասում է դատարանի առջեւ կանգնելու տխուր հեռանկարը: Հիշեցնեմ, որ սահմանամերձ տարածքում գտնվող եւ, ըստ էության, սահամանապահ բնակիչների համար հատկացվող, լինի դա ինքնահոսով, թե պոմպակայանով ջրի սակագինը նույնն է, ինչ այլ բնակավայրերի համար եւ, համեմատած 2004թ-ի հետ, գրեթե 2 անգամ բարձրացել է: Ոռոգման ջրի սակավության պատճառով երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 60-70 տոկոսը:

Այնուամենայնիվ,  չլուծված են մնում  Խաչիկ գյուղի մի շարք խնդիրներ` սկսած ոռոգման ջրի սակավությունը, մինչեւ բնակարանաշինարարությունը: Ահա թե ինչու նմանատիպ գյուղերի համար սպառնացող վտանգներ են հանդիսանում շարունակվող արտագաղթը, ծնելիության ցածր մակարդակը, բարեկեցությունից հեռու մնացող գյուղացիների մեծ մասի սոցիալական վիճակը: Այսքան օրհասական խնդիրների հետ միասին Խաչիկ գյուղի բնակիչները առանձնահատուկ նշել են ազգային եւ համամարդկային ճշմարիտ արժեքների համակարգի համընդհանուր խեղաթյուրվածությունը եւ հանրային հեռուստաընկերության` կարծես թե դրան նպատակաուղղված գործունեությունը:

Վերջապես երիտասարդ ընտանիքները լքում են  գյուղը,  որի  հիմնական  պատճառներից  մեկը բնակարանով ապահովված  չլինելու  հարցն  է: 50-60  երիտասարդ ընտանիքներ սպասում են, որ կիրականացվի այնպիսի քաղաքականություն, որի շնորհիվ թեկուզ իրենց մասնակցությամբ հնարավոր կլինի իրենց հայրենի գյուղում ունենալ ընտանիք, տուն եւ պաշտպանել հայրենի հողը 5 կիլոմետրից  մոտ գտնվող թշնամուց»,- ամփոփել է Լ. Ալավերդյանը: