«Լյուստրացիայի (գաղտնազերծման») մասին» «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությունը կատարյալ փոթորիկ է առաջացրել: Այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱԺ ամբիոնից հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա իր ելույթում ասել է.
«Շատ խոսուն է այս նախաձեռնությանն ընդդմիացողների պահվածքը: Գնալով համոզմունք է ձեւավորվում, որ մինչ ԱԺ-ը կընդունի ու ուժի մեջ կմտնի այդ օրենքը, ինքնաբացահայտումների շքերթն արդեն սկսված է` ի դեմս այդ գաղափարին ու գործընթացին կատեգորիկ դեմ արտահայտվողների:
Գաղտնազերծման ընդդիմախոսների մի փոքրիկ խմբակ է ձեւավորվել, որը համառորեն հասարակությանը ապատեղեկացնում է, թե «Ժառանգությունը» առաջարկում է գաղտնազերծել Հայաստանի գործակալական ցանցը: Եթե նրանք իրենց կարծիքում մեջբերվում են «Ժառանգության» օրինագծի այն դրույթը, թե ում վրա է տարածվում օրենքը, միտումնավոր չեն նշում «ԽՍՀՄ-ի կամ այլ երկրների հատուկ ծառայություններ» բառակապակցությունը:
Սա մտածված հնարք է, որպեսզի անտեղյակ մարդկանց մատուցեն իրենց սուտը, թե գաղտնազերծման նպատակը ՀՀ ազգային անվտանգության գործակալների բացահայտումն է: Այդ ստի վրա էլ տրվում են գնահատականներ, թե օրինագիծը «դավաճանություն է» կամ «զգալի հարված կհասցնի անվտանգության համակարգին»: Այդ պարոններին ուզում եմ հարց տալ. այդ ո՞ր օրվանից ընդդեմ Հայաստանի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցած գործակալների բացահայտումը դարձավ հայրենիքի դավաճանություն: Այդ ո՞ր օրվանից է այլ երկրի անվտանգության համակարգը դարձել մեր հոգածության առարկան: Հայրենիքի դավաճանության հոդվածներին կարող եք ծանոթանալ ՀՀ քրեական օրենսգրքից, որտեղ թվարկված չէ այլ երկրների գործակալներին գաղտնազերծելու առաջարկը: Ո՞րն է ձեր հայրենիքը, պարոնայք` Հայաստանի Հանրապետությունը, թե՞ այլ պետություն:
Ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս նորմալ կամ պատիվ համարել այլ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը: Ասում են, թե գաղտնազերծման արդյունքում Հայաստանը կդառնա փալաս պետություն: Հարց եմ տալիս. արդյոք փալա՞ս է այն պետությունը, որի որոշումների ընդունման վրա այլ երկրների գործակալները ազդելու հնարավորութունից զրկված են, թե՞ այն պետությունը, որի պետական կառավարման օղակներում ներդրված են այլ պետություններին սպասարկող նախկին ու ներկա գործակալներ:
Ասվում է, թե գաղտնազերծման արդյունքում մեր քաղաքացիները այլեւս կվախենան համագործակցել Հայաստանի հատուկ ծառայությունների հետ: Մեծագույն սուտ: Սեփական անկախ երկրի ազգային-պետական շահերին ծառայելը ոչ մի պետության մեջ, երբեք եւ ոչ մի ժամանակներում չի պատժվել, քանի որ դա պարտք ու օրինավոր պարտականություն է:
Այդպիսի պատվելի մարդիկ պատժվել են այն դեպքերում, երբ երկիրը կորցրել է իր անկախությունն ու ինքնիշխանությունը` բռնակցվելով որեւէ կայսրության, ինչպես Հայաստանի առաջին Հանրապետության հետ պատահեց, որից հետո անկախականներն ու անկախ պետության կողմնակիցները հետապնդվեցին կամ լքեցին հայրենիքը: Իսկ գաղտնազերծման անուղղակի նպատակներից մեկն էլ այն է, որ թույլ չտրվի հերթական անգամ մեր ներսում ներդրված ու գործող գործակալների միջոցով կորցնել պետականությունը հանուն այս կամ այն երկրի կայսերական հավակնությունների: Ի՞նչ է, դուք դեռ չեք հրաժարվել Հայաստանը մի նոր կայսրության գավառ դարձնելու մտադրությունից:
Ինչի±ց կամ ում համար եք վախենում կամ անհանգստանում, պարոնայք: Ում համար էլ որ անհանգստացած լինեք, ցավոք օգտակար լինել չենք կարող: Իսկ այս օրինագիծը արդեն իսկ տալիս է իր առաջին պտուղները. բացահայտման ու ինքնաբացահայտման գործընթացը սկսված է: Իսկ սա նշանակում է, որ օրինագծի ընդունումը որքան էլ ուշացել է, այնուամենայնիվ հրամայական է նաեւ այսօր»:
Նշենք, որ օրենսդրական նախաձեռնության նպատակներն են. գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց:




























