Հորդանանի Հաշիմյան թագավորությունում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը` Դամասկոս) դեկտեմբերի 4-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո կայացած կարճատեւ առանձնազրույցի ընթացքում Աբդալլահ Երկրորդը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություն իր առաքելության մեջ: Իր խոսքում Հորդանանի Թագավորն ընդգծել է նաեւ, որ Հորդանանում ջերմ զգացմունքներ են տածում հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ բարձր գնահատեց հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում:

Դեսպան Արշակ Փոլադյանն իր հերթին Աբդալլահ Երկրորդին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները Թագավորին ու Հորդանանի ժողովրդին, ինչպես նաեւ հատուկ ընդգծել երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված եւ ժամանակի փորձությունը բռնած բարեկամությունը էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու անհրաժեշտությունը:

Պաշտոնական արարողության շրջանակներում դեսպան Արշակ Փոլադյանը ծաղկեպսակներ է դրել Հորդանանի նախորդ երեք Թագավորների շիրիմներին:

Հորդանան կատարած այցի շրջանակներում դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Հորդանանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Մոհամմեդ Ալի Դահերի, Եվրոպայի երկրների վարչության պետ դեսպան Հուսամ ալ-Հուսեյնիի, Բարձրագույն կրթության եւ գիտության նախարար Ռովայդա ալ-Մաայտահի, ինչպես նաեւ հորդանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր ուղղություններն ու հեռանկարները: