Հարավային Օսիայի ոստիկանները զենք պահելու մեղադրանքով ձերբակալել են նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի երկու կողմնակիցներին:

«Այսօր երկու մարդ ենք ձերբակալել, որոնց մոտ հայտնաբերվել են ավտոմատ զենքեր, նռնականետեր եւ մեծ քանակությամբ ռազմանյութեր»,-հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էլդար Կոկոեւը:

Նրա խոսքով, ձերբակալվածները նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմնակիցներն են, սակայն չի նշել, թե արդյոք նրանք որեւէ կապ ունե՞ն Հարավային Օսիայի գլխավոր դատախազ Թեյմուրազ Հուգաեւի տան վրա կրակելու հետ, թե` ոչ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ցխինվալիում հարձակում է կատարվել գլխավոր դատախազի տան վրա. այն գնդակոծել են նռնականետերով:

Նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի հայտարարությամբ, նրա կողմնակիցներն այդ ամենի հետ որեւէ կապ չունեն, եւ այն կարող է հրահրված լինել ներկայիս գործող կառավարության կողմից: