1988թ. ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռիի եւ Շիրակի մարզեր: Նա ծաղկեպսակներ է դրել Սպիտակում եւ Գյումրիում կանգնեցված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին եւ մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Ամասիայում բացվել են հիմնանորոգված մանկապարտեզի եւ համայնքային կենտրոնի, ինչպես նաեւ բուժհաստատության մասնաշենքերը: Ամասիայի մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու 60 երեխայի: Շենքի առաջին հարկում տեղակայված են մանկապարտեզի վարչական հատվածները, բուժկետը, խաղասենյակը, հավաքատեղին, համակարգչային սենյակը, իսկ երկրորդ հարկն ամբողջությամբ նախատեսված է մանկապարտեզի երկու երեսուն հոգանոց խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի ննջարան, խաղասենյակ, հանդերձարան, սանհանգույց: Շենքի երկրորդ հարկում տեղակայված է նաեւ ութսուն հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճ, որը կարող է օգտագործվել նաեւ համայնքային նշանակության հանդիսավոր իրադարձությունների համար: Հաստատության հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքն է 100 միլիոն դրամ:

Ամասիայի բուժհաստատությունն սպասարկում է համայնքի եւ նրան հարակից բնակավայրերի շուրջ 9 հազար բնակչի: Բուժկենտրոնն ունի ծննդատուն, պոլիկլինիկա եւ շտապօգնության ծառայություն, որոնք համալրված են անհրաժեշտ բուժսարքավորումներով: Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 88 միլիոն դրամ է:

Վարչապետն այցելել է նաեւ Ամասիայի WKS տեքստիլ արդյունաբերության գործարան, որտեղ կառավարության ղեկավարին է ներկայացվել գործարանի արտադրական գործընթացը: Գործարանն ունի 105 աշխատող, որի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Գերմանիա: