Թեեւ ամեն տարի պետական բյուջեից պետական հատկացումներ են կատարվում Լոռիում բնակարանաշինության համար, սակայն Վանաձորում ու Սպիտակում դեռեւս բազմաթիվ ընտանիքներ կան, ովքեր տուժել են երկրաշարժից ու շարունակում են ապրել տնակներում ու վթարային շենքերում:
Վանաձորում, պաշտոնապես, տնակային ավաններում բնակվող 600 ընտանիքներ կան, մոտ 100 տնակներ էլ տեղադրված են ապօրինի հիմունքներով, բացի տնակային ավաններից, եւս 3280 մարդ բնակվում է երրորդ աստիճանի վթարային շենքերում:
Բացի մարզկենտրոն Վանաձորից, մեծ թվով տնակներ կան նաեւ Սպիտակում ու հարակից գյուղական համայնքներում:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում, աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման շինարարության ծրագրի շրջանակներում, Սպիտակի տարածաշրջանի գյուղական համայնքներում շահագործման է հանձնվել 43 բնակելի տուն:
Վանաձորի քաղաքապետարանի բնակ. Ֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի գլխավոր մասնագետ Քաջիկ Թադեւոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջին անգամ աղետի հետեւանքով վթարային շենքերի նորոգման աշխատանքներ են կատարվել 2003 թվականին, այդ նույն տարում են չափվել նաեւ շենքերի վթարայնության աստիճանը, ու տարիների ընթացքում, այդ ցուցանիշն ավելի է բարձրացել:
Քաջիկ Թադեւոսյանը հավելեց նաեւ, որ այսպիսի շենքերի վերականգնման համար միջոցներ պետք է հատկացվեն ՀՀ կառավարության բյուջեից, քանի որ համայնքային միջոցները բավարար չեն անգամ 3 շենք վերակառուցելու համար:
Քաղաքապետարանի բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, որ բավականին ծավալուն աշխատանքներ են տարվում` տնակային ավանների բնակիչներին բնակարաններով ապահովելու համար: «Միայն համայնքի կողմից, մեր միջոցներով, մի քանի տարի առաջ, վարձել ենք 10 հանրակացարաններ, որտեղ տեղափոխվել են տնակների բնակիչները, այդպիսի վերջին հանրակացարանում այժմ ապրում են 56 ընտանիքներ»,-ասաց նա:
Լոռիի մարզպետարանի տրամադրած տվյալների համաձայն, այժմ մարզի բնակարանաշինություն իրականացնող ծրագրերից է մեկ սենյակի պահանջ ունեցող շահառուների հարցը: Միայն մարզի գյուղական համայնքներում այդպիսի 400 ընտանիքներ կան, որոնցից 85-ը` Սպիտակում:
Հարկ է նշել, որ կառավարության ու համայնքի մեկ այլ ծրագրով, Վանաձորյան 164 ընտանիքների պետք է տրամադրվեին ամսական 10 հազարական դրամներ, որպեսզի ընտանիքները տեղափոխվեին վարձու բնակարաններ: Այս ծրագրով, քաղաքապետարանը գումարները տրամադրում էր 2 տարի ժամկետով, իսկ բնակիչների տնակները` քանդվում էին: Ծրագիրը վաղուց ավարտվել է, բայց բնակիչները դեռեւս ապահովված չեն սեփական բնակարաններով, եւ համայնքի փոխարեն, այժմ արդեն իրենք են հոգում տան վարձի ծախսերը:



























