Քաղաքային իշխանությունների կողմից վերջին օրերին պատրաստակամություն է նկատվել Արամի 30 շենքի պահպանմանը նպաստելու: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արամի խաչմերուկ» շարժումից` հավելելով, որ նմանատիպ պատրաստակամությունն արտահայտվել է առայժմ միայն բանավոր կերպով, ուստի, բավարար հիմք չկա պնդելու, որ խնդրո առարկա շենքը փրկելուն ուղղված ջանքերը կոնկրետ արդյունք են տվել:«Գնահատելով բոլոր այն գործնական ներդրումները, որոնք առայսօր կատարվել են առանձին պաշտոնյաների կողմից, ակնկալում ենք հանրության աներկբա կարծիքն արտացոլող վերջնական, պաշտոնական լուծում, որով կչեզոքացվի Արամի 30 շենքին սպառնացող վտանգը»,- նշել են նրանք:

«Արամի խաչմերուկից» հայտնեցին, որ երեւանցիները քաղաքի զարգացումը չեն տեսնում քաղաքում պահպանված վերջին մի քանի պատմական շենքերի ապամոնտաժման մեջ, այլ, ընդհակառակը, գերակա են համարում դրանց պահպանումն ու վերանորոգումը: Ըտս նրանց, այդ բարեմաղթանքը երեկ հանրության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից ամենատարբեր արտահայտությունների միջոցով դրոշմվել է Արամի 30 շենքի անկյունում տեղադրված տոնածառի վրա: