Ֆրանսիան մտադիր է Լիբանանին հատկացնել 100 մլն եվրո։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի՝ Լիբանանի աջակցությանը նվիրված համաժողովում։

«ՄԱԿ-ը կոչ է արել Լիբանանին տրամադրել 426 մլն եվրո։ Ֆրանսիան կհատկացնի 100 մլն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, որի ելույթը հեռարձակվել է Ելիեսյան պալատի X-ի էջում։

Նա նաեւ ավելացրել է, որ Ֆրանսիան «իր ավանդը կներդնի լիբանանյան բանակի մատակարարումներում»։ Բացի այդ, նախագահի խոսքով՝ Փարիզը ողջունում է լրացուցիչ 6 հազար զինծառայողների հավաքագրումը Լիբանանի Զինված ուժերում։

Մակրոնը կոչ է արել «շտապ դադարեցնել կրակը եւ հնարավորություն տալ բոլոր փախստականներին վերադառնել իրենց տներ»։ Նաեւ անհրաժեշտ է, որպեսզի «Հեզբոլլահը» դադարեցնի իր գրոհներն Իսրայելի դեմ, ինչ պատրվակով էլ որ դրանք կատարվեն»։