Բաթումիում, այսօր` դեկտեմբերի 7-ին, Հայաստանի գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Աջարիայի ինքնավար հանրապետության (Վրաստան) կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Գիա Աբուլաձեյի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են «ՀՀ մշակույթի նախարարության եւ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարության միջեւ 2012-2014 թթ. Մշակութային համագործակցության մասին» նախապատրաստվող միջգերատեսչական ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության եւ Աջարիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության միջեւ համագործակցության զարգացման առկա հնարավորությունները: Գիա Աբուլաձեն մասնավորապես նշել է աջարական կողմի պատրաստակամությունը Բաթումում հայ մշակույթի օրերի, համերգների, ցուցահանդեսների եւ այլ մշակութային միջոցառումների  կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու հարցում:

Անդրադառնալով կրթական ոլորտին` ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է աջարահայ աշակերտների շրջանում հայոց լեզվի եւ գրականության, հայ ժողովրդի պատմության դասավանդման որակը էապես բարելավելու, տեղի այլալեզու հայաշատ դպրոցներում մայրենիի ֆակուլտատիվ ուսուցում կազմակերպելու անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Աջարիայի համայնքային կազմակերպությունների հետ մոտ ապագայում հարցի համատեղ քննարկում կազմակերպելու վերաբերյալ:

Կողմերը կարեւորել են Բաթումի եւ Վանաձոր քույր քաղաքների միջեւ հասարակական, մշակութային, մարզական կապերի աշխուժացումը, քննարկել նաեւ սպորտի ոլորտում փոխհամագործակցության հնարավորությունները:

Նույն օրը Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գեորգի Պապուաշվիլիի հետ (նստավայրը` Բաթում):