Հայաստանը պետք է սկսի այնպիսի դեղերի արտադրությունը եւ արտահանումը, որոնք ստեղծվել են հայ գիտնականների կողմից: Այդ մասին NEWS.am-ին ասաց Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով` Հայաստանում դեղերի արտադրությունը զարգացման միտումներ ունի, սակայն դա առավելապես կատարվում է գեներիկ դեղերի (արդեն իսկ հայտնաբերված դեղերի կրկնօրինակները) հաշվին: Վ. Սաֆարյանի տեղեկացմամբ` դեռեւս խորհրդային տարիներին Հայաստանի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը մշակել է 18 անուն դեղամիջոց (կլապտերոն, դիդինիլ, թեոդին, դանգլերոն եւ այլն), որոնք կարելի է ներկայում էլ արտադրել: «Յուրաքանչյուր դեղի մշակումը (գաղափարից մինչեւ արտադրությունը) խորհրդային տարիներին պահանջում էր 400 մլն ռուբլի ներդրում, ԱՄՆ-ում` 800 մլն դոլար էր»,- ասաց Վ. Սաֆարյանը:

Բացի այդ` նեոքիմիայի ինստիտուտում ակադեմիկոս Արմեն Գալոյանը մշակել է նեյրոհորմոնալ կարգավորիչ, որը կարող է մարդուն պաշտպանել բակտերիալ եւ վիրուսային ազդեցություններից:

Հիշեցնենք, որ դեղագործությունն այն 3 ոլորտներից է, որտեղ ՀՀ կառավարությունը մշակել է արտահանման խթանման ծրագիր: