«Մոլիբդենի շաբաթ» նախագծի վերջին զրուցակիցը ուկրաինական Eavex Capital ներդրումային ընկերության մետալուրգիական վերլուծաբան Իվան Դզվինկան է: Նրա հետ մենք խոսեցինք հայկական մոլիբդենի եւ ուկրաինական շուկայում դրա տեղի մասին: Ուկրաինան մոլիբդենի կարեւոր սպառող է: Ուկրաինայի պողպատի արդյունաբերությունը ծավալով երկրորդն է ԱՊՀ-ում եւ 8-րդն է աշխարհում: 2009-ին Հայաստանը ֆեռոմոլիբդենի խոշորագույն արտահանողն էր Ուկրաինա, իսկ այժմ ուկրաինական շուկայում Հայաստանի մասնաբաժինը նվազել է ավելի քան երեք անգամ:
Իվան Դզվինկան նշեց, որ հայկական ֆեռոմոլիբդենի արտահանումն Ուկրաինա 2009-2010-ին նվազման միտում ուներ, իսկ 2012-ին մրցակցությունը ուկրաինական շուկայի մասնաբաժին ունենալու համար, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կսրվի պողպատի շուկայում առկա ոչ բարենպաստ գնային կոնյունկտուրայի պատճառով:
Ուկրաինայի վիճակագրական ծառայության տվյալներով, 2009-ին հայկական ֆեռոմոլիբդենի արտահանումն Ուկրաինա կազմել է 743,5 տոննա (17,2 միլիոն դոլար), 2010-ին` միայն 203 տոննա (5,4 միլիոն դոլար), 2011-ի առաջին ինն ամիսներին` 120 տոննա (3 միլիոն դոլար):
Ուկրաինական շուկայում հայկական ֆեռոմոլիբդենի մասնաբաժնի կրճատումը քանակական արտահայտմամբ 2009-ին եղել է 30 տոկոս, 2010-ին` 14 տոկոս, 2011-ի հունվար-սեպտեմբերին` 7 տոկոս: Ֆինանսական արտահայտմամբ անկումը եղել է նույնանման:
Տեղն անմիջապես գրավել են Կորեան, Չինաստանը եւ ԱՄՆ-ն: Եթե 2009-ին Կորեայի մասնաբաժինն ուկրաինական ներմուծման մեջ 1,6 տոկոս էր, ապա 2011-ի երեք եռամսյակում արդեն կազմել է 22 տոկոս: Չինաստանի մասնաբաժինը 3,3 տոկոսից աճել է մինչեւ 13,9: ԱՄՆ-ն 2009-ին Ուկրաինա ֆեռոմոլիբդեն չէր արտահանում, իսկ 2011-ի առաջին ինն ամիսներին ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 18,3 տոկոս: Հայկական արտադրանքը, որը պետք է անցներ Վրաստանն ու Սեւ ծովը, տեղը զիջել է անդրօվկիանոսյան մրցակիցներին:
Անկումն առավել եւս հասկանալի չէ, քանի որ հայկական FeMo-ն ավելի էժան է Ուկրաինայում, հավանաբար, տեղափոխման կարճ տարածության շնորհիվ:
Eavex Capital-ի վերլուծաբանը նշում է, որ 2011-ի առաջին ինն ամիսներին Ուկրաինան հայկական ֆեռոմոլիբդենը ներմուծել է մեկ տոննան միջինը 25,4 հազար դոլարով: Չինաստանից ներմուծած ֆեռոմոլիբդենի միջին գինը 27,2 հազար դոլար է, Կորեայինը`28,6 հազար դոլար, ԱՄՆ-ինը` 30 հազար: Փորձագետը նշեց, որ գնի տարբերության պատճառը կարող է լինել նաեւ արտադրանքի որակի տարբերությունը եւ գնորդի ու արտահանողի պայմանավորվածությունը:
Իվան Դզվինկան վստահեցնում է, որ 2012-ին Ուկրաինայում ֆեռոձուլվածքների պահանջարկի կրճատում չի սպասվում, քանի որ պողպատի արտադրությունում կանխատեսվում է 1-2 տոկոս աճ` մինչեւ 34,7 միլիոն տոննա:
P.S. Հաջորդ «շաբաթը» News.am-ը կհայտարարի «պղնձե», մեկնարկը կլինի հաջորդ չորեքշաբթի:



























