Հայաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված հետախուզումը շարունակվում է։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Վարդան Եղիազարյանը՝ պատասխանելով հարցին, թե՞ դեռ շարունակում են հետախուզել քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանին։

Եղիազարյանն ասաց, որ այդ ուղղությամբ իրականացվում են Ինտերպոլի նախատեսած բոլոր միջոցառումները։ «Նա գտնվում է հետախուզման մեջ, բոլոր երկրները տեղեկացված են նրա մասին»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է արդեն շուրջ 8 տարի, սակայն ոստիկանությունն առ այսօր չի կարողանում գտնել նրան:

Ոստիկանության գնդապետը, անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի գործին, ասաց, որ հստակ տեղեկություն չունի, թե կոնկրետ որ օրվանից է սկսվել Փաշինյանի նկատմամբ ինտերպոլի հետախուզությունը։

Հիշեցնենք, որ Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի ընտրություններում թեկնածություն առաջադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել էր վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել՝ նշելով. «Նիկոլ Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008 թվականից մինչեւ 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»: