Standard & Poor`s գործակալությունը հայտնել է, որ Եվրամիության վարկանիշը կարող է վերանայվել եւ նվազել: Ներկա պահին այն հնարավոր ամենաբարձր մակարդակում է`AAA:

Գործակալության համապատասխան հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ վարկանիշը կարող է նվազել այն պատճառով, որ նրա բյուջեն ուղղակիորեն կախված է միության անդամ երկրների տնտեսական իրավիճակից: Մասնավորապես, Standard & Poor`s-ը հիշեցնում է, որ ԵՄ եկամուտների 62%-ն ապահովում են եվրագոտու երկրները, որոնց մեծամասնության վարկանիշը եւս կարող է նվազել, գրում է AFP-ն:

Բացի այդ, Standard & Poor`s-ը նաեւ  վերանայել է եվրոպական խոշորագույն բանկերի վարկանիշները: Հնարավոր նվազեցման ցուցակում են, մասնավորապես, գերմանական Deutsche Bank-ը,  ֆրանսիական Societe Generale եւ BNP Paribas բանկերը, իտալական Unicredit-ը, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Standard&Poor`s-ը նախազգուշացրել էր եվրագոտու 17 երկրներից 15-ի վարկանիշների հնարավոր նվազեցման մասին, այդ թվում` Գերմանիայի եւ Ֆրանսիայի: