Հայաստանի հյուսիսային սահմանին տեղակայված «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» պետական սահմանային անցման կետերը կվերազինվեն եւ կընդլայնվեն: Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 8-ին, որոշում ընդունեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեին 305.3 մլն դրամ հատկացնելու մասին` հարակից գյուղերից 22.5 հա հողեր գնելու նպատակով: Այդ հողամասերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ։

Հսկիչ-անցագրային կետերի վերազինման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է «ARHIS» LTD լատվիական ընկերությունը: Շրջակա համայնքներից (Ձորամուտ, Բավրա, Բագրատաշեն), հիմնականում կգնվեն վարելահողեր, արոտներ եւ մի քանի տնամերձ: