Իսրայելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում կարող են ակտիվանալ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։ Եթե նա Իրանի միջուկային ներուժը ոչնչացնելու փորձեր ձեռնարկի, ապա կմեծանա հակամարտությունն այլ երկրներ տարածվելու հավանականությունը, զգուշացրել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Իսրայելի հիմնական նպատակը պաղեստինցիներին Գազայից Եգիպտոս և Արևմտյան ափից մինչև Հորդանան վտարելն է։ Նման սցենարը տարածաշրջանն ավելի մեծ անկայունության կմղի: Իսրայելը կարող է չսահմանափակվել ԱՄՆ-ի ընտրություններից հետո ռազմական պատասխաններով. [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նաթանյահուն կարող է քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային կարողությունները ոչնչացնելու համար։ Եթե դա տեղի ունենա, ապա հակամարտությունն այլ երկրներ տարածվելու հավանականությունը կմեծանա»,- ասել է նախարարը Hurriyet թերթին տված հարցազրույցում։
Ըստ Ֆիդանի, Իսրայելը շարունակում է նոր պայմաններ առաջ քաշել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ բանակցություններում։ «Սա ցույց է տալիս, որ նա օգտագործում է բանակցությունները՝ իր ռազմական նպատակներին հասնելու համար ժամանակ շահելու համար։ Մենք ի սկզբանե վճռականորեն պաշտպանել ենք հրադադարը, սակայն կողմերին ասել ենք, որ Նաթանյահուն ձգձգում է բանակցությունները՝ ժամանակ շահելու համար»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նա նաև հայտնել է, որ որոշակի առաջընթաց կա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի բանակցություններում, սակայն շարժման համար «կարևոր է հասնել այնպիսի հրադադարի, որը թույլ կտա սկսել գործընթաց, որն անդառնալիորեն կփոխի Իսրայելի գործողությունները»։ «Համասի [ներկայացուցիչների] հետ մեր վերջին հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք տեղում իրավիճակի, հրադադարի, մարդասիրական օգնության անհրաժեշտության և միջպաղեստինյան հաշտեցման գործընթացի հարցերը», - ասել է Ֆիդանը։



























