Այդ մասին օրերս մի գրառում է հայտնվել, ուր տեղակայված է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պարզաբանումը:  ««Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները համապատասխանում էին երկրաբանական ուսումնասիրությունների դասական չափանիշներին, իսկ հորատման, երկրաֆիզիկական եւ երկրաբանական դաշտային աշխատանքները իրականացվում էին ժամանակակից սարքավորումներով եւ մեթոդներով, որոնք կիրառվում են նաեւ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ այլ զարգացած երկրներում...»:

Այս հայտարարությունը վարչապետի օգնականի էջում հայտնվել է այն բանից հետո, երբ «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջի պատի վրա հայտարարություն է զետեղել` ուրանի որոնումները դադարեցնելու պահանջով: Ա. Փարսադանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց նաեւ, որ ստեղծվել է աշխատանքային խումբ` հակաուրանային շարժումը կոորդինացնելու նպատակով:  ««Հակաուրանյան շարժումը» Հայաստանում տարբերվում է մնացած քաղաքացիական, հասարակական, բնապահպանական շարժումներից: Մեր հարազատների ու սերունդների կյանքն ու առողջությունը անփոխարինելի են: Այլընտրանք չունեցող քաղաքացիները անկանխատեսելի են, խնդրում ենք մի ստիպեք մեզ դիմել ծայրահեղ քայլերի...»,- գրել է Ա. Փարսադանյանը վարչապետի ֆեյսբուքյան էջի պատում: