Այսօր Քաղաքացիական ազգային նախաձեռնության (ՔԱՆ) դահլիճում տեղի է ունեցել սեմինար-քննարկում, որի թեման հասարակության մեջ լուրջ արձագանք գտած «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր:

Բանախոսներն էին օրենքը հեղինակած եւ ԱԺ-ում շրջանառության մեջ դրած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով լյուստրացիան համարում է սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման միջոց եւ ԽՍՀՄ տարիներին բռնադատված, քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

Հիշեցնենք, որ օրենքը ենթադրում է ԽՍՀՄ նախկին ԿԳԲ-ի եւ այլ օտարերկյա գործակալների բացահայտում եւ հեռացում բարձր պաշտոններից:

Ստեփան Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկել համանման օրենք ընդունած երկրների` Գերմանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ալբանիայի, Վրաստանի, մերձբալթյան երկրների փորձը, որի արդյունքում այս նախագծում ներառված մեխանիզմները թույլ են տալիս մի կողմից առավել լիարժեքորեն ապահովել մեզանում օտարերկրյա գործակալական ցանցին վերաբերող եւ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների չեզոքացումը, մյուս կողմից խուսափել այն բացասական հետեւանքներից, որոնք տեղ են գտել որոշ երկրներում դրա կիրառման արդյունքում, օրինակ` այն որեւէ քաղաքական գաղափարախոսության դեմ ուղղելը:

Հատուկ նշվեց, որ լուստրացիան վերաբերելու է միայն մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ համագործակցած այն անձանց, ովքեր ներկայում ՀՀ-ում զբաղեցնում են հատկապես քաղաքական եւ իրավական բարձր պաշտոններ: Ընդ որում` նրանց ով լինելու մասին կհրապարակվի միայն այն դեպքում, եթե այդ անձինք հրաժարվեն թողնել պաշտոնները կամ դադարեցնել նման պաշտոնների հանդեպ իրենց հավակնությունները: Փաստացի խոսքը միայն մասնակի լուստրացիայի մասին է:

Ազատ Արշակյանն իր ելույթն սկսեց ականավոր ազգային գործիչներից ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հետ կատարված մի դրվագից, երբ նրան ԿԳԲ-ի նկուղում հարցաքննող մի չեկիստ` չբավարարվելով նրանից տարբեր երկրների լրտես լինելու մասին «ինքնախոստովանություն» կորզելով, ապտակում է այդ փոքրամարմին, կիսով չափ կուրացած հանճարին: Ապշած չեկիստի լկտիությունից` Աճառյանը հարցնում է. «Միթե դուք չեք վախենում պատմությունից»: Եվ ամբարտավան չեկիստն այսպիսի պատասխան է տալիս. «Քանի մենք կանք` չկա պատմությունը, երբ կլինի պատմությունը` չենք լինի մենք»:

Ապա նա մատնանշեց օրենքի ընդունմանը վերաբերող մի քանի դիտանկյուններ` անվտանգություն, կանխարգելում, քաղաքակրթական, զղջում եւ ներում: Նա նաեւ նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ԽՍՀՄ կոմունիստական վարչախմբին ճանաչել է հանցավոր, ինչպես նացիստական վարչախմբին: «Մենք, եթե իհարկե մեր երկրի ապագան տեսնում ենք քաղաքակրթական այդ բեւեռում, եթե մեր կուսակցությունները Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը` քրիստոնեական եւ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված այդ քաղաքական միավորմանն անդամագրվելու հայտ են ներկայացնում, պետք է ընդունենք լուստրացիայի մասին օրենքը»,-ասաց նա:

«Ես ներում եմ ինձ մատնողներին ու ինձ դատողներին` նաեւ իրենց զավակներին ազատ ապրելու հնարավորություն տալու համար»,- ասաց Արշակյանը` հավելելով, սակայն, որ նրանք պետք է անցնեն գաղտնազերծման ճանապարհը:

Քննարկման ընթացքում «3Ա» նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը հարցադրում արեց, թե արդյոք օրենքը հավասարության նշան է դնո՞ւմ այն մարդկանց միջեւ, ովքեր կամավոր կինքնագաղտնազերծվեն եւ նրանց, ովքեր դա կանեն պարտադրանքի ներքո: Մասնավորապես նա նշեց, որ իր տեղեկություններով, որոնք ինքը չի կարողանա ապացուցել, «Ղարաբաղ» կոմիտեի գործունեության վաղ շրջանում նրա անդամներն իրենց ներսում դրել են լուստրացիայի խնդիրը, որի արդյունքում մի քանի հոգի խոստովանել են նախկինում ունեցած իրենց կապը հատուկ ծառայությունների հետ: Դրանից հետո «գիծ է քաշվել» եւ համարվել, որ այսուհետ կոմիտեն կարող է բնականոն հունով աշխատել: Սակայն հետագայում այդ անձինք զբաղեցրել են բարձր պաշտոններ:

Օրենքի նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Սերինե Խաչատրյանը պարզաբանեց, որ ըստ նոր օրենքի` բարձր պաշտոններ զբաղեցնող այն անձանց համար, ովքեր կթաքցնեն իրենց գաղտնազերծմանը վերաբերող տեղեկությունները կամ գաղտնազերծվելուց հետո կհրաժարվեն ազատել զբաղեցրած պաշտոնները, նախատեսվում է քրեական պատասխանատվություն: