Թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արթուր Ղազարյանը դեկտեմբերի 7-ին ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեց Արմեն Մալխասյանը:
Նրա փոխանցմամբ, խափանման միջոց կալանքը փոխվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Ավելի վաղ` նոյեմբերի 17-ին NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը` Արթուր Մայիսի Ղազարյանը ձերբակալվել է: Ոստիկանության Մասիսի բաժին պետ` ոստիկանության փոխգնդապետ Համլետ Ղամբարյանի փոխանցմամբ, վերջինս նա բերման է ենթարկվել, քանի որ նրա մոտից հայտնաբերվել է թմրամիջոց:
Համլետ Ղամբարյանը արձագանքելով այն լուրերին, թե ձերբակալվածն ու նրա հայրը ԲՀԿ-ականներ են, նշել էր, որ ներկա պահին նման ինֆորմացիա չունեն:
Ինչ վերաբերում է «Արարատ ցեմենտ» գործարանի հիմնական իրացնող «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին եւ նրա ընկեր Ասատուր Առուստամյանին, ապա Արմեն Մալխասյանի խոսքով, նրանք ազատ չեն արձակվել:
Հիշեցենք, որ նրանցից վերցված մազի եւ մեզի անալիզի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ նրանք իսկապես թմրադեղ են օգտագործել: Նրանք կալանավորվել են նոյեմբերի 25-ին:
Հարուցվել է քրեական գործ Քր.օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Կենտրոնի քննչական բաժնում ընթանում է նախաքննություն:
Մամուլի փոխանցմամբ` Շլամը, ով ԲՀԿ-ի անդամ է, «Արարատ ցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում: Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Նա, ի դեպ, ծագումով Վեդիից է, եւ նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա:
«Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երեւանում: Սա թերեւս նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին: Ըստ էության, քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ: Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին հետապնդումների նոր ալիք Է սկսվելու ԲՀԿ-ի նկատմամբ»,- գրել էր «Հրապարակ» թերթը:




























