ԱՄՆ-ը Կուրսկի շրջանում գրանցել է մոտ 10 հազար հյուսիսկորեացի զինվորի։ Նրանք կարող են մարտի մեջ մտնել առաջիկա օրերին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ինչպես հինգշաբթի օրը հայտարարել է պետքարտուղարը, մոտ 8 հազար հյուսիսկորեացի զինվորներ ժամանել են Կուրսկի շրջան։ Այժմ մենք գնահատում ենք, որ մոտ 10 հազարը ժամանել է Կուրսկի շրջան և մոտ օրերս կարող է սկսել մարտերին մասնակցել»,- ասել է Միլլերը։

Նա նաև պարզաբանել է, որ չի կարող հաստատել լուրերն այն մասին, որ հյուսիսկորեացի զինվորականներն արդեն մասնակցում են ուկրաինացի պաշտպանների դեմ պատերազմին։ Բայց եթե Հյուսիսային Կորեայի զինվորները մարտի մեջ մտնեն, նրանք օրինական թիրախներ կլինեն: