Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ, այսօր` դեկտեմբերի 8-ին, հետաձգել է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով դատաքննությունը:

Դատական նիստը հետաձգելու պատճառն այն է, որ Տիգրան Առաքելյանը փոխել է փաստաբանին եւ միջնորդություն ներկայացրել Վահե Գրիգորյանին որպես իր շահերի նոր պաշտպան ներգրավելու մասին։

Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12.00-ին:

Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանը եւ ՀԱԿ-ի եւս 6 ակտիվիստներ ոստիկանություն բերման էին ենթարկվել այս տարվա օգոստոսի 9-ին` Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Այնուհետեւ ակտիվիստներից  6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է միայն Տ. Առաքելյանը:

Քրեական գործով անցնում են ՀԱԿ ակտիվիստներից 4-ը` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը եւ Դավիթ Քիրամիջյանը:

Տիգրան Առաքելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

ՀԱԿ ակտիվիստի կալանավորումը հիմք հանդիսացավ, որ ՀԱԿ-ը առկախի երկխոսությունը իշխանությունների հետ: