Ռուս բռնցքամարտիկ Ռոման Սիմակովը, ով դեկտեմբերի 5-ի մենամարտից հետո ուշքի չգալով մահացել է, հնարավոր է, վնասվածք է ստացել ճակատագրական մենամարտից առաջ` Գերմանիայում հայ անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ մարզումների ընթացքում, բայց թաքցրել է: Նման կարծիք է հայտնել մենամարտի կազմակերպիչներից մեկը` Ալեքսեյ Տիտովը, տեղեկացնում է «Սպորտն այսօր»-ը:
Տիտովի վստահեցմամբ` Ռուսաստան վերադառնալուց հետո Ռոմանն անցել է բժշկական բոլոր հետազոտությունները: Կեմերովոյում նա գլխուղեղի, սրտի հետազոտություններ է անցել, արյուն է հանձնել: Ամեն ինչ նորմալ է եղել: Եկատերինբուրգում մենամարտի նախօրեին` դեկտեմբերի 4-ին, բժիշկները մեկ անգամ եւս ստուգել են բռնցքամարտիկին: Արյան ճնշումը եւ սրտի աշխատանքը նորմալ են եղել:
«Ռոմանը մի քանի ուժգին հարվածի է դիմակայել: Վեցերորդ ռաունդից հետո դատավորը նրան հարցրել է, թե արդյոք ի վիճակի է շարունակել մարտը: Սիմակովը եւ մարզիչը դրական պատասխան են տվել: Սիմակովը ուժեղ կամքի եւ տղամարդկության տեր մարդ էր: Նա երբեք չի խոստովանել, որ ցավ է զգում: Նա շատ դիմացկուն էր եւ փայլուն կերպով էր դիմակայում հարվածներին: Պետք է հասկանալ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում մենամարտից հետո, ինչպես պատերազմում, կարող են տարբեր հետեւանքներ լինել: Արդյունքում Սիմակովին հիվանդանոց են տեղափոխել, սակայն հնարավոր չի եղել կյանքը փրկել»,- պատմել է Տիտովը:
27-ամյա բռնցքամարտիկի մահվան փաստի առիթով նախաքննական ստուգումներ են կազմակերպվել: Քննարկվում է դատաբժշկական փորձաքննության նշանակման հարցը` մահվան ճշգրիտ պատճառները պարզելու համար: Նախնական տվյալներով` բռնցքամարտիկի մահվան պատճառ է դարձել գանգուղեղային ծանր վնասվածքը եւ մարտի ընթացքում ստացած ուղեղի ցնցումը:



























