Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո պայմաններ են հասունացել Լիբանանում և Գազայի հատվածում պատերազմներին վերջ տալու համար, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն՝ Երուսաղեմում Իսրայելի հեռացող արտգործնախարար Իսրայել Կացի և ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ հանդիպումների ընդմիջման ժամանակ, հայտնում է Times of Israel-ը։

«Մի կողմից Իսրայելի ձեռք բերած մարտավարական շատ նշանակալի հաջողությունները և, մասնավորապես, այս ամոթալի ջարդի կազմակերպիչ Յահյա Սինվարի ոչնչացումը նպաստում են ռազմական գործողությունների դադարեցմանը։ Մյուս կողմից՝ ընտրվել է Ամերիկայի նոր նախագահ։ Նա երբեք չի թաքցրել Մերձավոր Արևելքում անվերջանալի պատերազմներին վերջ տալու իր ցանկությունը։ Ուստի, ինձ թվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում պայմանները հասունացել են ընթացող հակամարտությունների դիվանագիտական ​​կարգավորման ուղղությամբ առաջընթացի համար»,-հայտարարել է Բարրոն։

Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի՝ նա Կացի և Դերմերի հետ քննարկել է դիվանագիտական ​​համաձայնագիր, որը կհանգեցնի իրավական ուժի վրա մենաշնորհով  օժտված «ուժեղ, ինքնիշխան լիբանանյան պետության ստեղծմանը, որը կարող է անվտանգ ապրել Իսրայելի հետ կողք կողքի»:

Բարրոն միաժամանակ Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ «հյուսիսային Գազայի հատվածի շարունակական ռմբակոծման՝ ուղղված խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին, հումանիտար օգնության հասանելիության սահմանափակումներին, Հորդանան գետի արևմտյան ափում ծայրահեղական վերաբնակիչների բռնություններին, բնակավայրերի արագ աճին, Պաղեստինի ինքնավարության թուլացմանը, Միավորված ազգերի կազմակերպության և տեղերում նրա հիմնական գերատեսչության ապառազմականացմանը»:

Նա ընդգծել է, որ Պաղեստինի հարցը չի վերանա, անկախ նրանից, թե որ ամերիկյան վարչակազմն է իշխանության ղեկին»։ Բարրոն միաժամանակ կոշտ է արտահայտվել Իրանի հասցին և բարձր է գնահատել Իրանի տարածքին Իսրայելի վերջին հարվածը:

«Հոկտեմբերի 1-ի Իրանի հարձակումը, որը մենք օգնեցինք հետ մղել, ինչպես ապրիլյան հարձակումը, անընդունելի էր։ Իսրայելն իրավունք ուներ պատասխանելու՝ նա կիրառեց ուժ, բայց միաժամանակ՝ զսպվածություն։ Էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի: Իսկ Իրանը պետք է դադարեցնի միջուկային զենքի իր մրցավազքը, որը սպառնում է թե՛ Իսրայելի, թե՛ Ֆրանսիայի հիմնարար շահերին»,-ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ շեշտել է Ֆրանսիայի արտգործնախարարը։