Թուրքիան գործում է ԵՄ-ին լիիրավ անդամակցության ռազմավարական հեռանկարով, ըստ Anadolu գործակալության՝  հինգշաբթի իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը միաժամանակ ընդգծել է ԵՄ-ին թեկնածու երկրի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը։

Նա հայտարարել է, թե Անկարան ակնկալում է, որ ԵՄ-ն կթարմացնի Թուրքիայի հետ Մաքսային միությունը և կկատարի Անկարային տված իր խոստումները՝ ազատականացնելու Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

Մատնանշելով Անկարայի և Փարիզի միջև «խոր արմատավորված պատմությունը»՝ Էրդողանն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների համար փոխշահավետ կլինի։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ բոլոր երկրների շահերից է բխում լարվածության կարգավորումը խաղաղ դիվանագիտական ​​ճանապարհով, մասնավորապես՝ Ուկրաինայի և Ռուսաստանի, Իսրայելի և Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի միջև»,-հավելել է Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի գրասենյակը։