ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեմոկրատական և հանրապետական վարչակազմերի ժամանակ նախկին դեսպան Սթիվեն Մալին նշանակել է Ջո Բայդենի վարչակազմից Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի անցումը վերահսկող պաշտնական անձ: Դրա մասին հայտնել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Դեսպան Մալը կաշխատի նորընտիր նախագահի թիմի հետ, որպեսզի հնարավորինս հաջող ապահովվի անցումային շրջանը»,-հայտարարել է Միլլերը ճեպազրույցում։
«Իշխանության խաղաղ փոխանցումը մեր ժողովրդավարության էական տարրն է և կենսական նշանակություն ունի մեր երկրի անվտանգության համար։ Այդ իսկ պատճառով մեզ համար շատ կարևոր է սահուն, արդյունավետ և պրոֆեսիոնալ անցումային գործընթաց իրականացնելը»,-նշել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Ըստ Միլլերի՝ Մալն արդեն սկսել է աշխատել անցումային գործընթացի վրա, սակայն գերատեսչությունը Թրամփի անցումային թիմից դեռ տեղեկություն չունի:
Միլլերը միաժամանակ ներկայացրել է Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածի համար, ներառյալ Գազայում և Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը:
CNN հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ Իրանի հարցով նախկին հատուկ բանագնաց Բրայան Հուկը Պետքարտուղարությունում կգլխավորի Թրամփի անցումային թիմը։




























