ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա վարչակազմը կավելացնի Միացյալ Նահանգների պաշտպանական բյուջեն և կնվազեցնի արտասահմանում ամերիկացի գործընկերներին, մասնավորապես՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին գրում է ամերիկյան Defence News շաբաթաթերթը՝ հղում անելով աղբյուրներին ու վերլուծաբաններին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսում Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ Թրամփի երկրորդ ժամկետը կբերի պաշտպանական ծախսերի ավելացման։ Հրապարակման հետ զրուցած փորձագետները նույն կարծիքին են՝ հավելելով, որ Թրամփի օրոք կկրճատվի ռազմական օգնությունն օտարերկրյա գործընկերներին, այդ թվում՝ Ուկրաինային։ Հրատարակությունը կանխատեսում է, որ ընտրությունների արդյունքներից հետո հանրապետականների կողմից Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ հսկողություն ձեռք բերելու դեպքում, Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության մեծ փաթեթների հետագա ճակատագիրը «շատ ավելի պակաս որոշակի կդառնա»:
2017 թվականին Թրամփի իշխանության գալու արդյունքում ԱՄՆ պաշտպանության ծախսերը զգալիորեն աճել են, նշում է հրատարակությունը։ American Enterprise Institute-ի ռազմական փորձագետ Մակենզի Իգլենը գնահատում է, որ Վաշինգտոնն այս ժամանակահատվածում պաշտպանության վրա ծախսել է մոտ 225 միլիարդ դոլար ավելի, քան կանխատեսվում էր իր նախորդ Բարաք Օբամայի վարչակազմի վերջին տարիներին: Ամերիկացի օրենսդիրների շրջանում պաշտպանական ծախսերի ավելացման կողմնակիցները կարծում են, որ այդ միտումը կշարունակվի։
Իգլենը հավելել է, որ ԱՄՆ ռազմական բյուջեի ճշգրտումներն ավելի ակնհայտ կդառնան պաշտպանության նախարարի և ԱՄՆ նախագահի վարչակազմի կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրենի թեկնածուների մասին տեղեկությունների հայտնվելուց հետո: Փորձագետը նաև ընդգծել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունն Իսրայելին և Թայվանին, հավանաբար, կշարունակվի։

Թեմա
Տեղադրություն


























