Հունաստանը և Թուրքիան պետք է օգտվեն այս պատմական հնարավորությունից՝ երկու երկրների միջև երկարաժամկետ դրական մթնոլորտ հաղորդելու համար: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հունաստանի արտգործնախարար Գիորգոս Գերապետիտիսի հետ Աթենքում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում են ։

Ֆիդանը նշել է, որ կողմերը ջանքեր են գործադրում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 10 միլիարդ դոլարի։ «Ակնկալում ենք, որ մեր ապրանքաշրջանառությունը, որը 2023 թվականին հասել է 5,8 միլիարդ դոլարի, այս տարվա վերջում կգերազանցի 6 միլիարդ դոլարը»,- հավելել է նա։

Նա ընդգծել է Էգեյան ծովի և Արևելյան Միջերկրական ծովին առնչվող կողմերի միջև տարաձայնությունները միջազգային իրավունքի և բարիդրացիության սկզբունքների հիման վրա լուծելու անհրաժեշտությունը։

«Հայտնի փաստ է, որ Էգեյան ծովի հարցում մեր միջև տարաձայնություններ կան։ Այս հարցերը քննարկվել են նաև մեր անցած խորհրդակցական բանակցություններում։ Մենք պետք է իրատես լինենք և ճշգրիտ ախտորոշենք մեր խնդիրները: Էգեյան ծովում կան բազմաթիվ փոխկապակցված խնդիրներ, որոնց վրա մենք պետք է աշխատենք և լուծումներ գտնենք»,- պարզաբանել է Ֆիդանը:

Նա հայտնել է, որ Աթենքում անցկացված բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կիպրոսի կարգավորման հեռանկարների շուրջ։ Նա նշել է, որ Անկարան հստակ հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում՝ այն պետք է շարունակի լուծվել կղզու իրողությունների հիման վրա՝ երկու պետությունների սկզբունքով ՝ առաջարկելով օրինականացնել Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումը։

Ըստ նրա՝ դաշնային մոդելը Կիպրոսի համար այլևս կենսունակ չէ։ «Այժմ կղզում նոր մթնոլորտ հաստաելու անհրաժեշտություն կա, որը կապահովի անվտանգություն, ազատություն և բարգավաճում ինչպես թուրքերի, այնպես էլ հույների համար»,-նշել է նա:

Ֆիդանը միաժամանակ ընդգծել է, որ Թուրքիան Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակում հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի արդարացի լուծման օգտին: