Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետի փակումը վրացական կողմից նոյեմբերի սկզբներին պայմանավորված չէր քաղաքական շարժառիթներով: Նման հայտարարությամբ այսօր` դեկտեմբերի 9-ին, հանդես եկավ Հայաստանի Միջազգային փոխադրողների ասոցիացիայի (TIR) նախագահ Հերբերտ Համբարձումյանը:

Սակայն խնդիրներ, նրա խոսքով, այնուամենայնիվ, եղել են: Նախ, վրացական կողմը անցակետում հայտարարություններ չէր փակցրել, թե երբվանից է փակում անցակետը, ինչպես սովորաբար վարվում էր նախորդ տարիներին: Այդ պատճառով հայ վարորդները հանկարծակի են եկել` տեսնելով փակ անցակետը: Երկրորդ` այս տարի բավական երկար ժամանակ չէր գործում Փոթի-Նովոռոսիսյսկ լաստանավը, ինչի հետեւանքով բեռնատար մեքենաները պարզապես այլընտրանք չունեին: Եւ վերջապես, երրորդ`ձմեռն այս տարի եկավ ժամանակից շուտ ու շատ արագ:

Արդյունքում` մոտ 200 հայկական բեռնատարներ Դոնի Ռոստովից մինչեւ Վերին Լարս ճանապարհներին հայտնվեցին սպասողական վիճակում:

Սակայն դեկտեմբերի 2-ին եւ 3-ին տեղումները դադարեցին, ինչը հնարավոր դարձրեց բեռնատարների փոխադրումը քարշակներով: Յուրաքանչյուր մեքենայից որպես վարձ այդ ծառայության համար գանձվել է 220 դոլար:

Այս պահին այդ անցակետի շրջանում այլեւս կուտակված մեքենաներ չկան` հայկական բեռնատարները փոխադրվում են լաստանավով, թեեւ դա մոտ 40 տոկոսով ավելի թանկ է: Ըստ Հ. Համբարձումյանի` Երեւան-Մոսկվա 1 բեռնատարի ուղերթը Վերին Լարսով արժե 4000 դոլար, լաստանավով` մոտ 5700 դոլար, որից 1500 դոլարը լաստանավի «տոմսի» արժեքն է: