Ուկրաինայի իշխանությունները զգուշացված չեն եղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին։
«Տեղեկություններն այն մասին, որ ուկրաինական կողմը նախապես տեղեկացված է եղել ենթադրյալ զանգի մասին, հավաստի չեն։ Հետեւաբար, Ուկրաինան չէր կարող հավանություն տալ կամ դեմ լինել զանգին», Reuters գործակալությանն ասել է Տիխին։
Մինչ այդ Washington Post-ի (WP) աղբյուրները տեղեկացրել էին, որ Թրամփը զանգահարել է Պուտինին նոյեմբերի 7-ին ընտրություններում հաղթելուց հետո։ Պարբերականի զրուցակիցները հավաստիացրել են, որ ուկրաինական իշխանությունները տեղյակ էին երկու քաղաքական գործիչների զրույցին եւ չեն առարկել դրա դեմ, քանի որ «վաղուց հասկացել են», Թրամփը կկապվի Պուտինի հետ, որպեսզի հակամարտության դիվանագիտական լուծում գտնի։
Խոսակցության ժամանակ Թրամփը խորհուրդ է տվել Պուտինին չգնալ թեժացման Ուկրաինայում եւ հիշեցրել է ամերիկյան զորքերի էական ներկայության մասին Եվրոպայում, ասել են աղբյուրները։ Թրամփը հետաքրքրություն է հայտնել բանակցությունների շարունակման հարցում, որոնց ընթացքում նա ցանկանում է քննարկել «պատերազմի շուտափույթ ավարտն Ուկրաինայում», նշել են WP-ի զրուցակիցները։ Նրանց խոսքով՝ Թրամփը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի օկուպացրած տարածքներին։ Դրանից առաջ մասնավոր զրույցներում նա հասկացրել է, որ կաջակցի համաձայնագրին, որի դեպքում Կրեմլը կպահպանի Ուկրաինայի զավթված տարածքների վերահսկողությունը։
Նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո երկու օրվա ընթացքում Թրամփը հեռախոսով խոսել է աշխարհի 70 երկրների ղեկավարների հետ։ Մասնավորապես, նա շփվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Խոսակցությանը մասնակցել է միլիարդատեր Իլոն Մասկը։ WP-ի աղբյուրների խոսքով՝ զրույցն ընթացել է հաճելի տոնով, իսկ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մասկին Starlink արբանյակային կապի տերմինալների համար։





























