ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի  հեռախոսազրույցի մասին չի համապատասխանում իրականությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Խոսակցություն չի եղել»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Դա այն տեղեկության որակի առավել վառ օրինակն է, որն այժմ հրապարակվում է երբեմն անգամ բավական հարգելի պարբերականներում։ Դա լիովին չի համապատասխանում իրականությանը։ Դա մտացածին է, դա պարզապես սուտ տեղեկություն է»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ The Washington Post թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ հինգշաբթի տեղի է ունեցել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցը։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ նրանք քննարկել են, մասնավորապես, հակամարտությունն Ուկրաինայում։