Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 16-րդ դատարանն ընդունել է Թուրքիայում մեծ սկանդալ առաջացրած պայմանավորված խաղերի գործով մեղադրական զեկույցը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալ Ֆիքրեթ Սեչենի կողմից պատրաստված 401 էջանոց մեղադրական զեկույցում մեղադրանք է առաջադրվել 93 հոգու նկատմամբ, որոնցից 31-ի նկատմամբ դատարանը կալանքի որոշում է կայացրել։ Գործով 1-ին դատավարությունը տեղի կունենա 2012-ի փետրվարի 14-ին։
Մեղադրականում «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յըլդըրըմի համար պահանջվում է 49-ից 132 տարվա ազատազրկում։ Մեղադրական զեկույցում Ազիզ Յըլդըրըմը մեղադրվում է 6 անգամ մտադրված խարդախություն անելու, 4 անգամ պայմանավորված խաղ անցկացնելու համար։ Զեկույցում թիվ մեկ կասկածյալը Օլգուն Փեքերն է, ով մեղադրվում է հանցավոր կառույց ղեկավարելու մեջ։
Նշենք, որ 2011-ի հուլիսին թուրքական ոստիկանությունը 12 նահանգներում իրականացրել էր համաժամանակյա գործողություններ, որոնց արդյունքում բերման էր ենթարկել մի քանի տասնյակ անձանց։ Բերման ենթարկվածների մեջ են եղել ֆուտբոլային ակումբների ղեկավարներ եւ ֆուտբոլիստներ, ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտնոնյաներ, ովքեր մեղադրվում են պայմանավորված խաղեր կազմակերպելու համար։




























