Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Պատվո շքանշանով:

Այսօր` դեկտեմբերի 9-ին, Սերժ Սարգսյանն ընդունել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին ու նրա կնոջը՝ Վաֆաա Սուլեյմանին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ ծառ տնկել Հիշողության պուրակում:

ՀՀ նախագահի նստավայրում Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցությունները: 

Ողջունելով Լիբանանի նախագահին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը պարտավորեցնում է ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը Սերժ Սարգսյանին պարգեւատրել է Լիբանանի արժանիքների բարձրագույն աստիճանի շքանշանով:

Լիբանանի Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ լիբանանյան կողմի ցանկությունն է երկու երկրների միջեւ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի:

Նախագահ Սուլեյմանը կարեւորել է լիբանանահայ համայնքի դերը ինչպես հայ-լիբանանյան հարաբերությունների ամրապնդման գործում, այնպես էլ իր երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային, կառավարման եւ այլ բնագավառներում:

Բանակցություններից հետո տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի կառավարության եւ Լիբանանի կառավարության միջեւ 2012-2014թթ. համար մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիր, «Հայաստանի կառավարության եւ Լիբանանի կառավարության միջեւ շրջակա միջավայրի բնագավառում համագործակցութան մասին» փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Լիբանանի երիտասարդության եւ սպորտի նախարարության միջեւ «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, Հայաստանի կառավարության եւ Լիբանանի կառավարության միջեւ «Համապատասխանեցման վկայականների փոխճանաչման մասին» համաձայնագիր, «Հայաստանի կառավարության եւ Լիբանանի կառավարության միջեւ ստանդարտացման բնագավառում համագործակցության մասին» արձանագրություն, «Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ Լիբանանի արդյունաբերության նախարարության միջեւ» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի կառավարության եւ Լիբանանի ժ կառավարության միջեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» գործնական ծրագիր:

Փաստաթղթերի ստորագրման արարողությանը հաջորդել է երկու երկրների նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: