Գյումրիում հաշմանդամները բողոքում են հաշմանդամ քաղաքացիների համար գործող «Ինտեր օրթո» ՍՊԸ պրոթեզարանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից: Արդեն մի քանի ամիս է ինչ «Ինտեր Օրթո» պրոթեզարանի Գյումրիի մասնաճյուղը լուծարված է. պրոթեզարանի Երեւանում գտնվող գլխամասային կառույցն ինչ-ինչ պատճառներով  նպատակահարմար է գտել  6 հոգանոց կոլեկտիվից միայն մեկին պահել աշխատանքի, իսկ մյուսներին տուն ուղարկել:

Կառույցի միակ ներկայացուցիչը հիմա  Գարիկ Դավթյանն է: Նրա խոսքով, հաշմանդամներին հիմա սպասարկում են երեւանյան մասնագետները: NEWS am-ի թղթակցի հարցին, թե նախկին աշխատողները թերացե՞լ են իրենց աշխատանքում,  թե՞  ֆինանսավորման հետ կապված խնդիրներ են առաջացել, Գարիկ Դավթյանը պատասխանեց.« Ուղղակի բարձրացվել է հաշմանդամների սպասարկման որակը: Հիմա գյումրեցի հաշմանդամներին սպասարկում են երեւանյան մասնագետները, ովքեր Գյումրի են այցելում ամսվա մեջ երկու անգամ»:

Իսկ տեղի կառույցի աշխատողներից մեկը, ով հիմա կրճատված է եւ չցանկացավ, որ նշվի իր անունը, հավաստեց. «Չկար օր, որ առնվազն 7-8 հիվանդ չսպասարկեինք: Երկրաշարժից հետո բոլոր պրոթեզավորվող հիվանդները մեզ մոտ էին այցելում, հիմա ստիպված են գնալ Երեւան»: Գյումրեցի հաշմանդամների խոսքով, շատ  դեպքերում նրանք չեն կարող սպասել, որ Երեւանից մասնագետ գա, խնդիրներ են առաջանում եւ ավելի հաճախ ստիպված են գնալ Երեւան, ինչը ձեռնտու չէ նրանց համար:

Գյումրեցի հաշմանդամները  ոչ մի տրամաբանություն չեն տեսնում կատարված փոփոխություններում: «Ոչ թե բարձրացրել են հաշմանդամների սպասարկման որակը, այլ ընդհակառակը մի բան էլ նոր խնդիրներ են ստեղծել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: Նախկինում պրոթեզավորման գործընթացը կազմակերպվում էր արագ մի քանի օրում, հիմա հաշմանդամները ստիպված են սպասել մինչեւ Գյումրի կժամանեն երեւանցի մասնագետներն ու կսպասարկեն իրենց»,-դժգոհել է 24-ամյա հաշմանդամ Լեյլի Բոյաջյանը: Իսկ 35-ամյա Արամ Գասպարյանի խոսքով՝ աղետ տեսած քաղաքում, ուր հաշմանդամների թիվը շատ մեծ է հարկավոր է ոչ թե կրճատել, այլ ավելացնել նմանատիպ կառույցներրի թիվը:

Եթե սպասարկման հետ կապված խնդիրներն առաջիկայում չլուծվեն, ապա հաշմանդամները ստիպված կլինեն նոր միջոցներ ձեռք առնել: Նրանք պատրաստվում  են դիմում-նամակ  ներկայացնել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, որում ներկայացնելու են իրենց խնդիրները: Որից հետո նամակ են գրելու երկրի նախագահին: